«Նույն կազմով, բայց ավելի ծիծաղելի իրավիճակում». Մհեր Մխիթարյանը՝ «Բարի օր» 2 ֆիլմի մասին

15:16 • 13.01.25

Ինչպես արդեն հայտնել էինք,  շուտով հանդիսատեսի դատին կհանձնվի «Բարի օր» 2 հումորային, գեղարվեստական ֆիլմը:

«Քանի որ առաջինը լավ արդյունք ունեցավ, մտածեցինք, որ պետք է անել նաև երկրորդը»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով «Բարի օր» 2 ֆիլմի մասին, նշեց դերասան Մհեր Մխիթարյանը:

Նրա խոսքով՝ ֆիլմի 2-րդ մասում շատ հետաքրքիր ու անսպասելի իրադարձություններ են տեղի ունենալու:  

«Շատ չեմ կարող չակերտները բացել, բայց ասեմ, որ հաստատ առաջինին ոչ մի բանով չի զիջելու: Դերասանական կազմը նույնն է: Դա էլ է մեզ թույլ տալիս, որ հանդիսատեսին ավելի հետաքրքիր ներկայանանք՝ արդեն սիրված կերպարներով և նույն ընտանիքի կազմով: 

Ֆիլմը առաջինի շարունակությունը չէ, բոլորովին նոր սյուժե է: Այսինքն, եթե մարդ չի տեսել 1-ին մասը, կարող է նայել 2-րդը, որն իր համար կլինի նոր, ծիծաղելու ֆիլմ: Ուրիշ իրադարձություններ են և ուրիշ լուծումներ»,- մեզ հետ զրույցում պատմեց Մհերը:

Նրա խոսքով՝ նկարահանումները շատ լավ են անցել:

«Շատ հետաքրքիր ու շատ պրոֆեսիոնալ թիմ է աշխատել, շատ թեթև մթնոլորտում: Առաջինից արդեն շատ բաներ հաշվի առնելով՝ 2-րդին պատրաստվել ենք ավելի փորձված ու մանրակրկիտ։ Նկարահանումները մի քանի օր են տևել, և ամբողջ ընթացքը հետաքրքիր է անցել, իսկ դժվարությունները հեշտությամբ ենք հաղթահարել, որովհետև շատ ենք սիրում մեր գործն ու սիրով ենք նկարահանվում, բարդություններն էլ ուղարկել ենք 2-րդ պլան»,- նշեց դերասանը:

Ֆիլմում ներգրավված են մի շարք հայտնիներ՝ Մհեր Մխիթարյանը, Մկրտիչ Արզումանյանը, Ռոզի Ավետիսովան, Արև Սանթրոսյանը, Եվա Խաչատրյանը և այլք: Ֆիլմի ռեժիսորներեն են Գրիգոր Գասպարյանն ու Արման Սարգսյանը: 

Շուրշ 20 օր տևած «Բարի օր» 2 ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են, իսկ պրեմիերան կկայանա փետրվարի 6-ին:

«Սպասեք ծիծաղելի և ինչ-որ չափով դաստիարակչական ֆիլմի:

Քանի որ ֆիլմի 1-ին մասը հանդիսատեսը նայել ու դահլիճից դուրս է եկել շատ մեծ տպավորություններով, 2-րդի դեպքում հանդիսատեսին հաստատ չենք հիասթափեցնելու»,- ամփոփեց Մհեր Մխիթարյանը:

Ավելի վաղ, Tert.am Life-ն անդրադարձել էր «Բարի օր» հումորային ֆիլմի պրեմիերային, կարմիր գորգի արարողությանն ու հայտնի հյուրերին: 

 

Հեղինակ՝ Անի Մնացականյան